4.14.2017

***

Ուզում եմ փարվեմ սեփական մենությանս 
Ու անվերջ արտասվեմ:
Ուզում եմ մենությունս լինի իմը,
Բայց ես չլինեմ նրանը:

Ուզում եմ չզգալ կողմնակի անձանց կարիքը 
Իմ ու իմ մենության արանքում:

Ուզում եմ լինել ներդաշնակ:
Ներդաշնակ  մթությանս մեջ,
Ներդաշնակ ամբոխում,
Ներդաշնակ լռությանս մեջ,
Ներդաշնակ մենությանս հետ մենությանս մեջ:

Ուզում եմ չլինես դու, նա, դուք, նրանք 
Իմ ու իմ մենության տաքուկ մահճում՝
Իմ ու իմ մենության մեջտեղում:

Ուզում եմ փարվեմ սեփական մենությանս,
Տրվեմ սեփական ցավերիս, 
Սեփական մարմնիս,
Սեփական անսեփականությանս:

Չլինեմ ու լինեմ իմը, 
Միայն իմը:


3.28.2017

Ես նա չեմ ով քեզ պետք է, դու էլ նա չես ով պետք է ինձ:

Ես նա չեմ ով քեզ պետք է, դու էլ նա չես ով պետք է ինձ:

Մեր ճանապարհները  զուգահեռվելով մեղմ հպվեցին իրար:

Դու սեղմեցիր ձեռքս, բայց չես ուզում սեղմել հոգիս:

Ես գիտեմ որ դու կփշրես իմ հոգին: Դու էլ դա գիտես:

Մի տեսակ կոկորդումս լռված դեղահաբ ես հիշեցնում:
Ես գիտեմ որ կուլ տամ քեզ` գուցե չմարսեմ:

Ես նա չեմ ով քեզ պետք է, դու էլ նա չես ով պետք է ինձ:

Բայց դու դեռ լռված ես կոկորդումս:


2.07.2017

Մի ժամանակ ես վայրի կատու էի...

Մի ժամանակ ես վայրի կատու էի: Ուր ուզում գնում էի, ինչ ուզում անում: Քաղաքում բոլոր տանիքներն իմն էին, բոլոր փողոցներն ու բոլոր ծառերը:
Բայց մի օր ես գտա քեզ ու դու գտար ինձ: Շատ մեղմ նայեցիր աչքերիս մեջ ու նուրբ գրկեցիր: Ես դարձա քո կատուն:
Դու ամեն օր սիրում էիր ինձ: Շատ մեղմ շոյում վզակոթս ու նրբորեն համբուրում պարանոցս: Ամեն օր կերակրում էիր ինձ, խաղում ինձ հետ:
Քո սիրո մեջ ես հանգստություն էի գտել՝ հանդարտվել էի: Մի տեսակ կորցրել վայրենությունս: Ես այնքան խաղաղ էի քո կողքին: Քո փոքրիկ բնակարանից այն կողմ ես ոչինչ չէի տեսնում և ինձ չէին ձգում այլևս քաղաքի բոլոր փողոցները, տանիքներն ու ծառերը: Ես ընտելացել էի քեզ, քո սիրուն, քո հոգատարությանը: Դու դարձել էիր իմ տիեզերքը՝ փոխարինել էիր իմ քաղաքին:

Բայց մի օր երբ ես սովորականի պես արթնացա ու քնաթաթախ ուզեցա մոտենալ քեզ. ես զգացի, որ չեմ լսում քո խռմփոցը, որ ներքնակս սառել է, իսկ շուրջս չափից դուրս լուսավոր է: Այդ օրվանից ես այլևս չտեսա քեզ, չլսեցի խռմփոցն ու քո առանց տոնայնության անհեթեթ, բայց շատ սիրելի սուլոցը:


12.27.2016

Սվիտր

Կարոտում եմ քեզ:
Դու գնալուց առաջ հոգուս հագցրեցիր ծակող բրդե սվիտր: Հույս ունեիր, որ սվիտրը կտաքացնի ինձ Ու ես չեմ մրսի քո գնալուց հետո:
Չեմ մրսի, երբ քո փոխարեն գա սառցե ձմեռը:
Գիտես կարոտը ու այս սվիտրը ծակում են ինձ: Չգիտեմ. մրսում ես հիմա երևի: Ես քեզ սվիտր չեմ հագցրել:


4.21.2016

Դու արև ես, իսկ ես` լուսին

Դու արև ես, իսկ ես` լուսին,
Ես լույսս քեզնից եմ ստանում, Անդրադարձնում քո փառահեղության փոքրիկ կաթիլները: Մարդիկ պաշտում են քեզ` վախենում, իսկ ինձ սիրում են` երգեր հորինում... սիրահարվում, իրար սիրում իմ `քո, լույսի ներքո... Առանց քեզ չեմ լինի ես... Բայց դու չգիտես սիրո մասին: Դու միայն տիրանում ես, իսկ ես հնազանդ սիրում քեզ... Մենք իրար հետ ենք, անբաժան, բայց հեռու և իրականում միասին չենք... մենք տեսնում ենք իրար միայն երբ մեկս հրաժեշտ է տալիս... Մենք իրար դիմաց ենք... Ես նայում եմ քեզ ակընդետ, իսկ դու ուղղակի ժամանակ առ ժամանակ հայացք ես գցում վրաս... Ես փոփոխական եմ, իսկ դու միշտ նույնը... Ես կիսվում, կլորանում, սրվում և պրկվում եմ մեր` իմ սիրուց, երբեմն նույնիսկ անհետանում... Դու չես վախենում կորցնել ինձ, քեզ համար իմ լինել չլինելը նույն է: Իսկ առանց քեզ ես ոչինչ եմ... ուղղակի մի ահռելի քարի կտոր: Քո սերը, որը սակայն գիտակցված չէ քո կողմից ինձ այրում է... Ես այրվում եմ քեզնով, այս մութ կաթնագույն տիեզերքի մեջ...

3.16.2015

Նկատե՞լ ես ինչքան մութ է



Նկատե՞լ ես ինչքան մութ է:

Ոչինչ չեմ տեսնում, անգամ հարևան շենքի լույսերը:

Կյանքումս ամենաշատը մթությունից եմ վախեցել:
Բնավ նրա համար չէ, որ ոչինչ չես տեսնում,
Այլ որովհետև կարող ես տեսնել այն ինչ լույսով չես տեսնի:
Ու եթե մթությանը գումարվում է լռությունը՝ կորած ես:

Մթության մեջ նայում ես ինքդ քո ներսը.
Մենակ ես մնում ինքդ քո հետ:




11.17.2014

Զառանցող մարդ

էսպես ամեն ամիս շաբաթներիս տանջանքը՝ քեզ մոռանալու, ջուրն է ընկնում, երբ ուղղակի ինչ-որ մի տեղից ինչ-որ մեկը ինչ-որ բարակ թել է քաշում ու ակնթարթորեն ուղեղիս ճահիճից դուրս է պրծնում քո թարմ, երբեք չփտող դիակը:
Ցավակցում եմ, բայց քո հոգեհանգիստն ու հուղարկավորությունն արդեն եղել է, թերևս ավելի քան մեկ անգամ...

հոկտեմբեր 14,2014