8.29.2017

Կիսաժպիտ

Ոչ սիրելիս:
Դու ընդամենը մի պատուհաս ես`
Տխուր դրվագ հիշողությունների ամբարման համար:
Ինչ ենք մենք?
Ոչինչ ավելի և ոչինչ պակաս,
Քան հիշողություններ ամբարող արարածներ:

Ես երազում եմ, որ մենք լինեինք անծանոթներ.
Փողոցում անցնելիս չժպտայինք իրար թեթև կիսաժպիտով,
Չիմանայինք իրար մասին այսքան քիչ և նույնքան շատ բան:

Այո սիրելիս:
Քո ներկայությունը իմ կյանքում որոշել եմ ես,
Բայց իմ որոշումը հաստատել ես դու:

Հիշողությունն այս սակայն դեռ չի ավարտվել,
Ինչպես չի ավարտվում մեր կիսաժպիտը:
Ես գիտեմ, որ քո անունով թղթապանակում,
Դեռ հազար ու կես մելամաղձոտ, ուրախ ու ցանցառ կիսատողեր են ավելանալու:

Դու կաս ու չկաս,
Հենց նույն կերպ ինչպես կա ու չկա արևը
Ամառային անձրևի ժամանակ:

Ոչ սիրելիս:
Ես չեմ ուզում գնաս և չեմ ուզում մնաս:

Ես ուզում եմ լինեինք անծանոթներ:



4.14.2017

***

Ուզում եմ փարվեմ սեփական մենությանս 
Ու անվերջ արտասվեմ:
Ուզում եմ մենությունս լինի իմը,
Բայց ես չլինեմ նրանը:

Ուզում եմ չզգալ կողմնակի անձանց կարիքը 
Իմ ու իմ մենության արանքում:

Ուզում եմ լինել ներդաշնակ:
Ներդաշնակ  մթությանս մեջ,
Ներդաշնակ ամբոխում,
Ներդաշնակ լռությանս մեջ,
Ներդաշնակ մենությանս հետ մենությանս մեջ:

Ուզում եմ չլինես դու, նա, դուք, նրանք 
Իմ ու իմ մենության տաքուկ մահճում՝
Իմ ու իմ մենության մեջտեղում:

Ուզում եմ փարվեմ սեփական մենությանս,
Տրվեմ սեփական ցավերիս, 
Սեփական մարմնիս,
Սեփական անսեփականությանս:

Չլինեմ ու լինեմ իմը, 
Միայն իմը:


3.28.2017

Ես նա չեմ ով քեզ պետք է, դու էլ նա չես ով պետք է ինձ:

Ես նա չեմ ով քեզ պետք է, դու էլ նա չես ով պետք է ինձ:

Մեր ճանապարհները  զուգահեռվելով մեղմ հպվեցին իրար:

Դու սեղմեցիր ձեռքս, բայց չես ուզում սեղմել հոգիս:

Ես գիտեմ որ դու կփշրես իմ հոգին: Դու էլ դա գիտես:

Մի տեսակ կոկորդումս լռված դեղահաբ ես հիշեցնում:
Ես գիտեմ որ կուլ տամ քեզ` գուցե չմարսեմ:

Ես նա չեմ ով քեզ պետք է, դու էլ նա չես ով պետք է ինձ:

Բայց դու դեռ լռված ես կոկորդումս:


2.07.2017

Մի ժամանակ ես վայրի կատու էի...

Մի ժամանակ ես վայրի կատու էի: Ուր ուզում գնում էի, ինչ ուզում անում: Քաղաքում բոլոր տանիքներն իմն էին, բոլոր փողոցներն ու բոլոր ծառերը:
Բայց մի օր ես գտա քեզ ու դու գտար ինձ: Շատ մեղմ նայեցիր աչքերիս մեջ ու նուրբ գրկեցիր: Ես դարձա քո կատուն:
Դու ամեն օր սիրում էիր ինձ: Շատ մեղմ շոյում վզակոթս ու նրբորեն համբուրում պարանոցս: Ամեն օր կերակրում էիր ինձ, խաղում ինձ հետ:
Քո սիրո մեջ ես հանգստություն էի գտել՝ հանդարտվել էի: Մի տեսակ կորցրել վայրենությունս: Ես այնքան խաղաղ էի քո կողքին: Քո փոքրիկ բնակարանից այն կողմ ես ոչինչ չէի տեսնում և ինձ չէին ձգում այլևս քաղաքի բոլոր փողոցները, տանիքներն ու ծառերը: Ես ընտելացել էի քեզ, քո սիրուն, քո հոգատարությանը: Դու դարձել էիր իմ տիեզերքը՝ փոխարինել էիր իմ քաղաքին:

Բայց մի օր երբ ես սովորականի պես արթնացա ու քնաթաթախ ուզեցա մոտենալ քեզ. ես զգացի, որ չեմ լսում քո խռմփոցը, որ ներքնակս սառել է, իսկ շուրջս չափից դուրս լուսավոր է: Այդ օրվանից ես այլևս չտեսա քեզ, չլսեցի խռմփոցն ու քո առանց տոնայնության անհեթեթ, բայց շատ սիրելի սուլոցը: