7.20.2013

Պատշգամբ

    Կանգնած եմ պատշգամբում... քամին մազերս կատաղորեն իրար է խառնում... կարծես գոհ չէ իմ` առանց այդ էլ գզգզված մազերից: Ամառային խեղդող, չոր արևը աչքերիս է խփում...                
   Գլուխս կախել եմ...ոչինչ չեմ տեսնում ու չեմ էլ ուզում ...
Աշխարհից կտրվելու մեծ ձգտում կա, բայց ափսոս հնար չկա, ոչ էլ հետևանքների հետ գործ ունենալու ցանկություն:
   Ոչինչ կարծես կարևորություն չունի, ոչ անգամ "Օհ Դառլինգ"-ով իրեն ճղող իմ հեռախոսը... Երևի ինչ-որ մեկն իմ կարիքն ունի... Ափսոս ես արդեն վաղուց մոռացել եմ ինչ-որ մեկին պետք լինելու հաճույքը:
    Նայում եմ իմ քաղաքին... Այո, ինչ-որ է, սիրուն է իմ քաղաքը, նամանավանդ այս` ինձ համար դեռ օտար պատշգամբից:
Մարդիկ վազվզում են այս կողմից այն կողմ... Ոմանք կարծես շտապելու տեղ չունեն, արտասովոր է....չնայած մոռացել էի` ամառ է: Հեռվում երևացող փողոցում կարծես խցանում է. երևի նորից ինչ-որ մեկի ԱՊՊԱ-ն ուրիշի ԱՊՊԱ-յից լռվել է փողոցի հենց մեջտեղում:
   Փակում եմ աչքերս ու հեռանում այս Աստծո կողմից մոռացված քաղաքից` հստակ գիտակցելով, որ ուր էլ գնամ, հետ եմ գալու նրա վարդագույն գիրկը...


8.23.2012

Հեռու ինձանից

  Գնա գնա , դու էլ մենակ թող ինձ.... Մենակ թող ինձ իմ ունեցած ու չունեցած մտքերի հետ... Գնալուց առաջ կարող ես ցտեսություն չասել, մեկ է չես սիրում հրաժեշտ տալ:  Գնա իմ  ունեցած ու չունեցած կյանքից, մտքերից: Անիմաստ սենտիմենտներով թաթախված առօրյաից.... Գնա ուր ուզում: Գնա այնտեղ ուր, եթե հանկարծ որոշես փնտրել` ինձ հիշեցնող ոչինչ չես գտնի: Գնա այն անձանց մոտ ովքեր ի տարբերություն ինձ գիտեն շողոքորթել, գիտեն հմայել, սեթևեթել ու չեն հոգնում ամեն օր նույն դիմակը դեմքին քարշ տալուց....
  Հեռացիր ու հեռու տար ինձնից քո դեմքը երբեք չլքող մելամաղձոտ   արտահայտությունը: Հեռու տար ինձնից քո սևորակ, մազերիս չափ լույս անդրադարձնող, խոժոռ ու խիտ հոնքերիդ տակից փայլփլող աչքերը:
  Գնա ... Գնա այստեղից... Հեռու ինձանից.... Չէ որ դու գոյություն չունես` տեսիլք ես, պատրանք... Խելագար մտքիս զենքը սիրտիս դեմ...
  

9.20.2011

Իսկ հետո ինչ

Երբեմն փակվում են բոլոր այն դռները, որոնք տանում են հետ` դեպի անցյալ: Անցյալ, որտեղ ամեն ինչ այլ էր և տարբերվում է այն ամենից ինչ լինում է և պարզապես չի լինում հիմա:
Կարծես լքված լինես  մի կլոր սենյակում, որի դռները փակ են և տանում են հետ: Քեզ թվում է` ելք չկա, ամեն ինչ վերջացել է և ոչինչ էլ չի ուզում սկսել: Մնում է միայն կլոր սենյակը, որտեղ կանցնի ամբողջ կյանքդ, այնպես դատարկ, լուռ ու փակ: Բայց հոգու խորքում միևնույն է հույս կա, որ կգա մեկը, ով այն կողմից կջարդի պատը, անտեսելով անցյալի դռները:
Հույսը կրծում է սիրտդ, նվիրում այն ատելի սպասումը, որը ամենադաժանն ու մնայունն է այս աշխարհում:
Սենյակը նորից ճնշում է, և ավելի շատ է զգացվում նրա կլոր լինելը. չկա անգամ մի անկյուն, որտեղ կարող ես կծկվել այն հույսով, որ կանհետանաս:
Դու սպասում ես, սպասում, սպասում...սպասում: Երբեք չես կորցնում հույսդ, որը քեզ ներսից բաժանում է մասերի, ծակծկում, խեղդում, ճանկռու, բայց ստիպում հուսալ լավագույնի ու թվացյալ անհնարինի մասին:
Դու սպասում ես կանգնած կլոր սենյակի մեջտեղում, լրիվ միայնակ լքված հույսերով և անվերջ թվացող սպասումով:


Հ.Գ. Ես գիտեմ` դու կգաս....

7.11.2011

Վերջաբան

photo by me

Ես դնում եմ սկզբից վերջակետ,
Որ ամեն ինչ լինի առանց հետք,
Ես գիտեմ իմ այս սերը, դեռ նոր,
Անցնելու է ուղին նույն հին ու մոլոր:
Դու կրկին թափառում ես այնտեղ,
Իմ աչքի խաբկանք  սևահեր:
Ես փնտրում եմ հոգուս կողպեքները,
Որ սանձեմ սրտիս երազները:
Երազները դատարկ, հուսաբեկ,
Միշտ անհաս, անհույս ու անղեկ:
Դու գուցե չգիտես էլ անգամ,
Որ մտքումս դու ես միայն.
Քո հայացքը, աչքերը ` անսանձ,
Գիտեմ, տեղյակ չեն, որ ես կամ:
Ես հոգնել եմ այս հին պայքարից,
Մտքիս դեմ տարած մարտերից,
Պարտված հոգուս ձայներից,
Իմ թաղած սերերի տերերից:
Այս անգամ կսկսեմ հենց վերջից,
Կջնջեմ քեզ ես իմ աչքերից,
Չեմ ուզում տառապել հույսերից,
Քո սև և նուրբ աչքերց....

6.14.2011

Դու քեզ միայն լսիր

Կարծում ես գիտես,
Ոչ մեկին պետք չես,
Ոչ մի շունչ կյանքում քեզնով չի սնվում,
Ու քո ստվերով օրը իր լցնում:
Քեզ թվում է, թե
Սրտիդ փոշոտ քամիները,
Էլ մտքիդ թևերը չեն խանձահարի,
Փշակալած հոգուդ բավիղները
Ոչ մի անցորդի էլ չեն ծակծկի:

Դու նստում ես լուռ,
Իսկ ներսումդ ճռնչում է
Մի ջարդված դուռ:
Քեզ մտքերդ են կրծում,
Որդերով լցնում,
Կարծես թե ոչինչ հանգիստ չի թողնում:
Դատարկ բաներ են քո խելքով անցնում,
Ուղղակի նորից հոգիդ ես տաշում,
Դու կյանքիդ հաշված ժամերն ես մաշում:

Կարծես բոլորը մոռացել են քեզ,
Թողել են միայն մի դատարկ քարտեզ…
Որ դու մոլորվես,
Նրանց չփնտրես:
Դու մնում ես լուռ,
Կռահում ես, որ խոսքերդ են իզուր:
Քեզ կասեն. §Հիմար,
Դու մեզ չհասար¦:
Հենց այդպես կասեն ու կպրծնեն,
Հետո ինչ հոգիդ մաս-մաս կկիսեն,
Նրանք քեզ համար նորը կճարեն:

Իսկ հիմա լսիր,
Մեկ ընդ միշտ հիշիր:
Թեկուզ քո ճանփին անդունդ է բացվել,
Մի փորձիր այն կողքից շրջանցել,
Դու թևեր ունես, թեկուզ և երբեք դա չես նկատել:
Դու սեր ես տվել,
Դու սեր ես ստացել,
Կարևոր չէ, թե ումից ես վերցրել:
Դու նրանց առջև հոգիդ ես բացել,
Հետո ինչ այն դատարկ են կարծել:
Իմացիր հաստատ սխալ չես գործել,
Թեկուզ նրանց համար դա ճիշտ չի եղել…





5.19.2011

[Ց]տեսություն



Ահա իմ փայ երջանկությունը,
Որը շուտով կպրծնի,
Ու իմ բախտի պոկված թևերն
Էլ դեպի քեզ ինձ չեն տանի:
Հիմա ճղում եմ երազներս
Ու շպրտում եմ երկնքին,
Իսկ իմ սրտի բոլոր սպիերը
Նվիրում եմ աստղերին,
Իմ թրծված տառապանքները
Կտակում եմ խենթերին...
Ես հեռանում եմ, մոռանում եմ,
Ու հետևում եմ արևին

photo by me

4.27.2011

Լռում եմ

Ես լռում եմ, լռում եմ կրկին,
Բաց թողնում քրքրված իմ հոգին,
Քեզ տեսնում եմ ու չեմ հասկանում
Դեպի ուր եմ ես ինձ տանում:

Այս խենթ անդորրում աղմկում,
Կորել եմԵս ինձ չեմ գտնում,
Իսկ այստեղ լուռ աստղենր են պայթում
Իմ սրտում նրանք քեզ չեն գտնում:

Դու գնում ես, իսկ ես դեռ փնտրում,
Քեզ ժպտում եմ, բայց լուռ արտասվում
Մեխվել եմ ճշտի սխալի արանքում,
Գտնում եմ ու նորից կորցնում….