Մի ժամանակ ես վայրի կատու էի: Ուր ուզում գնում էի, ինչ ուզում անում: Քաղաքում բոլոր տանիքներն իմն էին, բոլոր փողոցներն ու բոլոր ծառերը:
Բայց մի օր ես գտա քեզ ու դու գտար ինձ: Շատ մեղմ նայեցիր աչքերիս մեջ ու նուրբ գրկեցիր: Ես դարձա քո կատուն:
Դու ամեն օր սիրում էիր ինձ: Շատ մեղմ շոյում վզակոթս ու նրբորեն համբուրում պարանոցս: Ամեն օր կերակրում էիր ինձ, խաղում ինձ հետ:
Քո սիրո մեջ ես հանգստություն էի գտել՝ հանդարտվել էի: Մի տեսակ կորցրել վայրենությունս: Ես այնքան խաղաղ էի քո կողքին: Քո փոքրիկ բնակարանից այն կողմ ես ոչինչ չէի տեսնում և ինձ չէին ձգում այլևս քաղաքի բոլոր փողոցները, տանիքներն ու ծառերը: Ես ընտելացել էի քեզ, քո սիրուն, քո հոգատարությանը: Դու դարձել էիր իմ տիեզերքը՝ փոխարինել էիր իմ քաղաքին:
Բայց մի օր երբ ես սովորականի պես արթնացա ու քնաթաթախ ուզեցա մոտենալ քեզ. ես զգացի, որ չեմ լսում քո խռմփոցը, որ ներքնակս սառել է, իսկ շուրջս չափից դուրս լուսավոր է: Այդ օրվանից ես այլևս չտեսա քեզ, չլսեցի խռմփոցն ու քո առանց տոնայնության անհեթեթ, բայց շատ սիրելի սուլոցը: