7.20.2013

Պատշգամբ

    Կանգնած եմ պատշգամբում... քամին մազերս կատաղորեն իրար է խառնում... կարծես գոհ չէ իմ` առանց այդ էլ գզգզված մազերից: Ամառային խեղդող, չոր արևը աչքերիս է խփում...                
   Գլուխս կախել եմ...ոչինչ չեմ տեսնում ու չեմ էլ ուզում ...
Աշխարհից կտրվելու մեծ ձգտում կա, բայց ափսոս հնար չկա, ոչ էլ հետևանքների հետ գործ ունենալու ցանկություն:
   Ոչինչ կարծես կարևորություն չունի, ոչ անգամ "Օհ Դառլինգ"-ով իրեն ճղող իմ հեռախոսը... Երևի ինչ-որ մեկն իմ կարիքն ունի... Ափսոս ես արդեն վաղուց մոռացել եմ ինչ-որ մեկին պետք լինելու հաճույքը:
    Նայում եմ իմ քաղաքին... Այո, ինչ-որ է, սիրուն է իմ քաղաքը, նամանավանդ այս` ինձ համար դեռ օտար պատշգամբից:
Մարդիկ վազվզում են այս կողմից այն կողմ... Ոմանք կարծես շտապելու տեղ չունեն, արտասովոր է....չնայած մոռացել էի` ամառ է: Հեռվում երևացող փողոցում կարծես խցանում է. երևի նորից ինչ-որ մեկի ԱՊՊԱ-ն ուրիշի ԱՊՊԱ-յից լռվել է փողոցի հենց մեջտեղում:
   Փակում եմ աչքերս ու հեռանում այս Աստծո կողմից մոռացված քաղաքից` հստակ գիտակցելով, որ ուր էլ գնամ, հետ եմ գալու նրա վարդագույն գիրկը...