9.20.2011

Իսկ հետո ինչ

Երբեմն փակվում են բոլոր այն դռները, որոնք տանում են հետ` դեպի անցյալ: Անցյալ, որտեղ ամեն ինչ այլ էր և տարբերվում է այն ամենից ինչ լինում է և պարզապես չի լինում հիմա:
Կարծես լքված լինես  մի կլոր սենյակում, որի դռները փակ են և տանում են հետ: Քեզ թվում է` ելք չկա, ամեն ինչ վերջացել է և ոչինչ էլ չի ուզում սկսել: Մնում է միայն կլոր սենյակը, որտեղ կանցնի ամբողջ կյանքդ, այնպես դատարկ, լուռ ու փակ: Բայց հոգու խորքում միևնույն է հույս կա, որ կգա մեկը, ով այն կողմից կջարդի պատը, անտեսելով անցյալի դռները:
Հույսը կրծում է սիրտդ, նվիրում այն ատելի սպասումը, որը ամենադաժանն ու մնայունն է այս աշխարհում:
Սենյակը նորից ճնշում է, և ավելի շատ է զգացվում նրա կլոր լինելը. չկա անգամ մի անկյուն, որտեղ կարող ես կծկվել այն հույսով, որ կանհետանաս:
Դու սպասում ես, սպասում, սպասում...սպասում: Երբեք չես կորցնում հույսդ, որը քեզ ներսից բաժանում է մասերի, ծակծկում, խեղդում, ճանկռու, բայց ստիպում հուսալ լավագույնի ու թվացյալ անհնարինի մասին:
Դու սպասում ես կանգնած կլոր սենյակի մեջտեղում, լրիվ միայնակ լքված հույսերով և անվերջ թվացող սպասումով:


Հ.Գ. Ես գիտեմ` դու կգաս....